Արևմտյան վերլուծական մտքում Ուկրաինայի ապագայի, Ռուսաստանի ապագայի և ընդհանրապես նոր աշխարհակարգի մասին մի կարմիր թել է անցնում՝ որոշիչը Մարտի դաշտն է։
Բոլոր պատերազմներն էլ մի օր ավարտվում են։ Նոր Արևմուտք-Ռուսաստան պայմանագիրը արտացոլելու է պատերազմի ավարտի պահին Մարտի դաշտի իրողությունները։ Եվ ընդհանրապես կարևոր չէ, թե 1991-ին կամ 100 տարի առաջ ինչ սահմաններ են եղել։ Ստեղծվելու է նոր լեգիտիմություն։
Տեղափոխվենք Հայաստան՝ մի զուգահեռ իրականություն։ Ամբողջ աշխարհում պատճառը Մարտի դաշտն է, հետևանքը՝ իրողությունները ֆիքսող պայմանագրերը։ Հայաստանում պատճառը պայմանագրերն են, իսկ Մարտի դաշտը՝ զուգահեռ իրականությունում գործող և քաղաքականության հետ կապ չունեցող կռիվ-կռիվ։
Մեդիաներում ամենաշատ երևացողներից մեկը ասում է. «Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ Պրահայում հանձնվեց Արցախը»։ Այսինքն՝ Արցախը հանձնվել է ոչ թե Մարտի դաշտով, այլ պայմանագրով։ Եվ սա արտացոլում է հայրենի քաղաքական մտքի ճնշող մեծամասնության աշխարհընկալումը։
Իրականում Պրահան ընդամենը հետևանք էր, իսկ պատճառը՝ ջերմուկյան պարտությունը։ Արցախը հանձնվել է Ջերմուկում, ոչ թե Պրահայում։
Փոխանակ դիսկուրսում քննարկվեն ջերմուկյան պարտության ռազմա-քաղաքական պատճառները, խոսվում է Պրահայում անհայտ ու դավադրական հանձման մասին։ Դավադրություններ հորինելն ընդհանրապես խելք չի պահանջում։ Իսկ ահա հայեցակարգային-քաղաքական որոշումներ-ջերմուկյան պարտություն կապը տեսնելու համար արդեն խելք ու գիտելիք է պետք։
Զուգահեռ իրականության քաղաքականության մեջ Ջերմուկյան պարտությունը գոյություն չունի։ Ավելին, այդ օրերին շատերը ուրախացան, որ Բլինքենը զանգել և պատերազմը կանգնեցրել է։ Եվ ոչ ոք անգամ չմտածեց, որ այդ «կանգնեցնելը» գին է ունենալու։
Պատմությունից հիշեցնեմ, որ Առաջին Հանրապետությունը ստեղծվել է Սարդարապատում, այլ ոչ թե Թիֆլիսյան հռչակագրերում։ Արտաշեսյան Մեծ Հայքի թագավորությունը արդյունք էր Մագնեսիայի ճակատամարտի, այլ ոչ թե այլևայլ պատճառների։ Իմիջիայլոց, Մագնեսիայի մասին նույնիսկ Ստալինն ունի հոդված գրած։
Վահրամ Մարտիրոսյան